Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լակոտը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հայ ազգի Վարդավառը՝ նշելով, որ այս տարի հատկապես մտքերով Լեռնային Ղարաբաղում ապրողների հետ են։
«Խաղաղ Վարդավառ եմ մաղթում իմ բոլոր հայ ընկերներին, այս տարի հատկապես մտքերով լինելով Լեռնային Ղարաբաղում ապրողների հետ, 217 օր շրջափակման զոհ դարձած, դեպի ծով ելք չունեցող, առանց Հայաստան կամ այլուր գնալու իրավունքի, զրկված բոլոր պաշարներից։ 32 օր՝ դիմանալով գրեթե ամենօրյա հարձակումներին և ապրելով սովի, անհանգստության ու անտարբերության մեջ»,- գրել է նա։
Նախկին դեսպանը մաղթել է, որ այս Վարդավառը ջրի, մաքրագործման և նորոգության տոն լինի։
«Թող որոշ կաթիլներ արթնացնեն նաև քնած խիղճը»,- հավելել է Լակոտը:
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը արգելափակել է մարդասիրական ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե պատնեշներ էր տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել էր ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին, բայց հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել էր ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ կապված «մաքսանենգության փաստերի» հետ։
Հայաստանի ԱԳՆ-ն այս գործողություններն անվանել էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անտանելի կենսապայմաններ ստեղծելու հերթական փորձ։ Հուլիսի 12-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դիմել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ Արցախում ցեղասպանության վտանգի մասին հայտարարելու պահանջով։