Այսօր համաժողովրդական շարժումը կշարունակի Երևանում մեկնարկած իրազեկման ակցիաները, հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Մեր արժանապատիվ քաղաքացիները շարունակում են ներկայացնել արցախահայության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ լռությամբ խրախուսում են հանցավորին և դառնում հանցակից:
Միացեք մեր հայրենակիցներին ու միասնաբար տեր կանգնեք Արցախին»,-հավելել է նա։
Հուլիսի 17-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց անող քաղաքացիներին։ Արցախում հուլիսի 14-ից համաժողովրդական շարժում է ձևավորվել։
Հուլիսի 17-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են իրազեկման ակցիաները։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։