ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի՝ «Մենք ենք Արցախը» խորագրով իրազեկման ակցիայի ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 18-ին, բողոքի ակցիա են անցկացրել Երևանում՝ Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատների առջև։ Նրանք պահանջել են բացել Լաչինի միջանցքը, ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ ընդդեմ հայատյաց քաղաքականության: Նախաձեռնությունն արդեն երկրորդ օրն է ակցիա իրականացնում Երևանում։ Երեկ՝ հուլիսի 17-ին, շարժման մասնակիցներն ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի գրասենյակի և Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։
ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն իր ելույթում դիմել է Ֆրանսիայի ղեկավարությանը և նախագահ Էմանուել Մակրոնին։ Ալավերդյանը շեշտել է, որ Ֆրանսիան իր քայլերը պետք է անի՝ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություն լինելու փաստը։ Ալավերդյանը նշել է, որ Ֆրանսիան պետք է ճանաչի Արցախի անկախությունը։
«Մենք Ֆրանսիայից պահանջում ենք առնվազն երկու հարց բարձրացնել։ Առաջին՝ բացել Բերձորի միջանցքը, որը զավթել և օկուպացրել է Ադրբեջանը, երկրորդ՝ պետք է հիշել, որ Արցախում մարդիկ են ապրում։ Այսինքն՝ ակնկալում ենք, որ Ֆրանսիան ոչ թե հորդորներով, այլ գործողություններով կբացի այդ ճանապարհը, Արցախ կտանի անհրաժեշտ ապրանքներ։ Հերիք է կողքից նայեք, թե ինչպես է Ադրբեջանի խուժան հավաքականը փորձում ավարտել իր սև գործը՝ ցեղասպանությունը հայերի հանդեպ»,- ասաց Ալավերդյանը։
Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայի ընթացքում երթի պատանի մասնակիցները՝ հադրութցի երեխաները, որոնք սովորում են Երևանի «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնում, երգեցին Արցախի օրհներգը: Երեխաների ձեռքին «Բացեք կյանքի ճանապարհը» գրությամբ պաստառներ էին։ Արցախի օրհներգից հետո երեխաները վանկարկեցին՝ «Բացեք կյանքի ճանապարհը», «Վերականգնեք արցախցի երեխաների իրավունքները»:
Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայից հետո «Մենք ենք Արցախը» նախաձեռնության անդամները երթով շարժվեցին դեպի Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն:
ԱՄՆ դեսպանատան առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ ավելի մեծ պետությունների աջակցությունն են ակնկալում։ Շեշտելով, որ պահանջում են բացել կյանքի ճանապարհը, ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, Թովմասյանն ընդգծեց կոնկրետ ԱՄՆ-ին ներկայացվող պահանջի մասին։
«Մենք ձեզանից ընդամենը պահանջում ենք, որ դուք կիրառեք այն ստանդարտները, որոնք կիրառում եք բոլոր ագրեսորների նկատմամբ։ Այսօր Ալիևի հանցախմբի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող սպանդը ձեր ու աշխարհի մյուս գերտերությունների անտարբերության ու լռության ներքո է։ Տե՛ր կանգնեք մարդկանց իրավունքներին»,- ասաց պատգամավորը։
Հուլիսի 17-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց անող քաղաքացիներին։ Արցախում հուլիսի 14-ից համաժողովրդական շարժում է ձևավորվել։
Հուլիսի 17-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են իրազեկման ակցիաները։ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը հուլիսի 17-ին հավաք էր անցկացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։