«Մենք ենք Արցախը» խորագրով իրազեկման ակցիայի ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 20-ին, բողոքի ակցիա են անցկացրել Երևանի ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ-ում ԵՄ գրասենյակի առջև՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը։
ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, դիմելով ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին, նշել է, որ միայն մեկ խնդրանք ունեն՝ կա՛մ ցամաքային, կ՛ամ օդային ճանապարհ ապահովել։
«Մենք ձեզնից սնունդ չենք ուզում, այդ հարցը մենք ինքներս կլուծենք։ Մենք պահանջում ենք ճանապարհ ապահովել։ Ամո՛թ է, դուք 120 հազար հայի սովի եք մատնում, որոնց թվում 30 հազար երեխա կա։ Կա՛մ բացեք կյանքի ճանապարհը, կա՛մ փակեք ձեր գրասենյակը»,-հայտարարեց Ալավերդյանը։
Վերջինիս ելույթից հետո ցուցարարները «Ամո՛թ ՄԱԿ»-ին կոչեր հնչեցրին։
Արցախի կանանց սատարող, հացադուլ հայտարարած Սեդա Գրիգորյանը հայտնեց, որ այս պահին պարեն են հավաքում։
«Մեր նպատակն է ազատագրել պարփակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին և ամեն գնով հնարավոր դարձնել սննդի, հումանիտար պարենի մատակարարումը»,-հավելեց նա։
Այնուհետև ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Հայաստանում ԵՄ ներկայացուցչության գրասենյակ։ Նրանք դիմեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինիին՝ նրանից պահանջելով կյանքի ճանապարհը բացելու համար գործուն քայլեր ձեռնարկել։
«Եվրոպական Միություն, ինչո՞ւ չեք ուզում մասնակցել ցեղասպանությունից փրկելու գործին, ինչո՞ւ եք ժողովրդին բախումների տանում։ Ինչո՞ւ եք ստիպում ձեզ էլ Երևանում շրջափակեն ու դուք ևս սնունդ չստանաք։ Ինչո՞ւ եք ձեր լռությամբ մասնակցում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությանը, որի թիկունքում ոչ միայն Թուրքիան է, այլև ձեր ամոթալի լռությունը»,-ԵՄ գրասենյակի դիմաց հավելեց Ալավերդյանը։
Ցուցարարները ԵՄ-ին ուղղված նամակ ունեին ու պահանջեցին, որ գրասենյակից կա՛մ դեսպանը, կա՛մ որևէ դիվանագիտական ներկայացուցիչ ինջնի ու անձամբ հանդիպի իրենց հետ։ Ավելի ուշ բողոքի ակցիայի ներկայացուցիչներին գրասենյակից փոխանցեցին, որ ներկայացուցչության աշխատակիցներից մեկը մոտենալու է իրենց։ Նրանց մոտեցած ԵՄ-ի աշխատակիցը վերցրեց արցախցիների նամակը, բայց դեսպանի հետ հանդիպման վերաբերյալ որևէ հստակ արձագանք չտվեց։
Բողոքի ակցիայի ներկայացուցիչները հայտարարեցին, որ անկոտրուն են և շարունակելու են կյանքի ճանապարհը բացելու լուծումներ պահանջել։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ այսօր՝ ժամը 19։00-ին, Ազատության հրապարակում ամփոփելու են այսօրվա ակցիաների արդյունքները և որոշելու են հետագա անելիքները։
Հուլիսի 17-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց անող քաղաքացիներին։ Արցախում հուլիսի 14-ից համաժողովրդական շարժում է ձևավորվել։
Հուլիսի 17-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են իրազեկման ակցիաները։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։