Համացանցում տարածվել են արցախցի հղի կնոջ լուսանկարները, ով կորցրել է գիտակցությունը սովի պատճառով։ Լուսանկարները հրապարակել է ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Նաիրա Զոհրաբյանը։
«8 անձից բաղկացած ընտանիքին օրական տրվում է երկու հաց։ Արդեն մեկ տասնյակից ավելի դեպք կա, երբ հղի կանայք թերսնուցման պատճառով վիժել են։ Այս կինը ևս ուշագնաց է եղել թերսնուցման արդյունքում։ Մի հատ աֆրիկյան երկրում էսպիսի հումանիտար աղետ լիներ, ՄԱԿ-ը եւ միջազգային բոլոր կառույցները վաղուց ցանկացած բլոկադա տրորել էին ու օգնություն հասցրել»,- գրել է Զոհրաբյանը։
Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովն ավելի վաղ զգուշացրել էր, որ Արցախում հղի կանայք զրկված են սնունդ գնելու հնարավորությունից, և այս առումով վերջին ամսվա ընթացքում հղիության վաղ շրջանում պտղի կորստի հաճախականությունը գրեթե եռապատկվել է։