Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահներ Ալեն Սիմոնյանը և Արթուր Թովմասյանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Արցախում տիրող իրավիճակը, հայտնում է ՀՀ ԱԺ-ն։
«Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հերթական հեռախոսազրույցի ընթացքում գործընկերները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը։ Արցախի ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել վերջին օրերին վերաբերող զարգացումներից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են ճգնաժամի հետևանքով ստեղծված դրությունից համատեղ լուծումներ գտնելու միջխորհրդարանական հնարավորություններին։
Ավելի վաղ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը խոսել էր Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև շփումների բացակայության մասին, ինչից հետո Ալեն Սիմոնյանն այդ տեղեկությունը որակել էր «բացարձակ սուտ»՝ հայտարարելով, որ Արցախի շրջափակման սկզբից ինքը բազմիցս շփվել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»:
Արցախում հուլիսի 14-ից համաժողովրդական շարժում է ձևավորվել։ Հուլիսի 17-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց անող քաղաքացիներին։ Հուլիսի 17-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են իրազեկման ակցիաներ։ Արցախի պետնախարարը հայտարարել է, որ իրազեկման ակցիաներն իրականացվում են և կշարունակվեն իրականացվել այնքան ժամանակ, քանի դեռ բոլորին հասու չի դառել Արցախում և դրա շուրջն ստեղծված իրավիճակը և քանի դեռ հստակ քայլեր չեն ձեռնարկվել Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող բացահայտ հանցավոր քայլերը դադարեցնելու ուղղությամբ։