ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել հայտարարությամբ և արձանագրել, որ Արցախում մարդասիրական աղետն օր-օրի ավելի է խորանում՝ անուղղակիորեն հանգեցնելով անդառնալի հետևանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների:
«Արդեն 7 ամսից ավելի Արցախի հայ բնակչությունը գտնվում է հումանիտար շրջափակման մեջ, ինչի հետևանքով մարդասիրական աղետն օր-օրի ավելի է խորանում՝ անուղղակիորեն հանգեցնելով անդառնալի հետևանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների: Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով շարունակաբար խախտվում են մարդկանց, հատկապես՝ խոցելի խմբերի ներկայացուցիչների հիմնարար իրավունքները և ազատությունները, ինչպիսիք են՝ կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, սննդի, հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման, բավարար կենսամակարդակի, կրթության իրավունքները, ինչպես նաև բնակիչների արժանապատվությունը՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք»,- ասված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ադրբեջանական իշխանությունների նման գործելաոճը՝ ուղղված Արցախի բնակչության հիմնարար իրավունքների իրացումն անհնարին դարձնելուն, զուգորդված պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականությամբ, մեկ հիմնական վերջնանպատակ է հետապնդում՝ հումանիտար ճգնաժամի խորացման միջոցով հայաթափել Արցախը։
«Պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային կազմակերպություններին և դերակատարներին գործուն ջանքեր գործադրել՝ կանխելու վերահաս էթնիկ զտումը»,- ասված է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ Պաշտպանի աշխատակազմն իր մանդատի շրջանակում շարունակում է ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն ու փաստեր հավաքագրել և տրամադրել միջազգային կազմակերպություններին` Արցախում ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության հետևանքով մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների և հումանիտար ճգնաժամի ահագնացող հետևանքների վերաբերյալ։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»: