Հուլիսի 25-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվելու է, հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։ Այս պահին վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են, և հուլիսի 25-ից հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»: