Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), չնայած համառ ջանքերին, ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ Աղդամը, կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշում կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր մարդասիրական գործողությունները տարածքում, հայտարարել է կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր պաշտոնական կայքում։
«Տասնյակ հազարավոր մարդիկ ապավինում են այս ուղիներով իրենց հասնելիք մարդասիրական օգնությանը: Քաղաքացիական բնակչությունն այժմ բախվում է կյանք փրկող դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության այնպիսի պարագաների անհասանելիությանը, ինչպիսիք են հիգիենայի միջոցները և մանկական կերերը: Մրգերը, բանջարեղենը և հացը գնալով սակավ և թանկ են դառնում, մինչդեռ որոշ այլ պարենային ապրանքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը մատչելի չեն: Վերջին անգամ ԿԽՄԿ-ին թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ բերել տարածք մի քանի շաբաթ առաջ», – նշված է կազմակերպության հայտարարության մեջ։
Կազմակերպությունում նշել են, որ այժմ Արցախում ամենամեծ վտանգի տակ են հիվանդներն ու տարեցները, հաշմանդամներն ու երեխաները։
«Որպեսզի մենք գործենք այստեղ, մեզ անհրաժեշտ է, որ կողմերը հասնեն մարդասիրական կոնսենսուսի։ Սա կյանքեր փրկող աշխատանք է, և պետք է թույլ տալ, որ այն շարունակվի»,- ասել է ԿԽՄԿ-ի Եվրասիական տարածաշրջանային տնօրեն Արիանե Բաուերը։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաեւ Լաչինի միջանցքի մուտքի մոտ։