Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Հայաստանից պահանջել է հրաժարվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու ծրագրերից։
«Մենք պահանջում ենք ՀՀ-ից հրաժարվել Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու մտադրությունից և հարաբերությունների կարգավորման այս մոտեցումից։ Այս մոտեցումն ի զորու չէ ապահովել տարածաշրջանում խաղաղությունն ու Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ գոյությունը։ Ավելին, նա նույնիսկ չի կարող երաշխավորել ՀՀ գոյությունը, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը ոչ թե Արցախն է, այլ ողջ հայ ժողովուրդն ու ազգային պետականությունը»,- ասել է նա՝ նշելով, որ այս պնդման ապացույցն են Արցախում տիրող իրավիճակը և Բաքվի գործողությունները Հայաստանի դեմ։
Ըստ նրա՝ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում կարևոր է, քանի որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ադրբեջանը, տասնամյակներ շարունակ Հայաստանը դիտարկում է որպես Արցախում ապրող հայերի իրավունքների պաշտպան։
«Հետևաբար, Արցախը որպես Ադրբեջանի տարածք չճանաչելը չի նշանակում, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Ներսիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։