Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործողությունների ազատության կարևորությունը։ Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում՝ կիսելով Կարմիր Խաչի հուլիսի 25-ի հայտարարությունը:
«ԿԽՄԿ-ն ահռելի աշխատանք է կատարում տեղում՝ շատ դժվարին պայմաններում: Կարևոր է, որ նրանք ազատ լինեն իրենց գործողություններում։ ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում նրանց նախազգուշացումներին»,- գրել է նա։
Հուլիսի 25-ին ԿԽՄԿ-ն հայտարարել էր Արցախի բնակիչներին մարդասիրական բեռներ հասցնելու անհնարինության մասին և կոչ էր արել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում իր մարդասիրական գործողությունները վերսկսելու համար։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»: