Ֆրանսիան ափսոսանք է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ՝ պահանջելով վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքի երկու ուղղություններով, հայտնում է երկրի ԱԳՆ-ն։
«Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կիրառել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։ Այն կոչ է անում վերականգնել մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով, ինչպես նաև ապահովել բնակչությանը գազի ու էլեկտրաէներգիայի անխափան մատակարարմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Եվրոպական միության հետ մեկտեղ, Ֆրանսիան լիովին հավատարիմ է տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանը։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»:
Հուլիսի 25-ին, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ։
Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում և կմնան այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղապահների կողմից արձագանք չի ստացվել։ Հումանիտար բեռների փոխադրմանը հետևում են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ։