Լաչինի միջանցքը պետք է բացվի անհապաղ, ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խորհրդական Ժան-Իվ Քամյուն Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազրայանի հետ հանդիպմանը, հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։
«Զրուցակիցները քննարկել են Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հումանիտար ծանրագույն իրավիճակը: Ժան-Իվ Քամյուն Անն Իդալգոյի անունից մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի համար և փոխանցել Փարիզի քաղաքապետի դիրքորոշումն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի անհապաղ և առանց որևէ նախապայմանի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները, ինչպես նաև Ֆրանսիայի շրջանների և քաղաքների կողմից Արցախ հումանիտար բեռ ուղարկելու ծրագրերը։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ադրբեջանից
պահանջել էր վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։