Գլենդելի նախկին քաղաքապետ Արտաշես Քասախյանը Twitter-ում իր ծննդյան օրը շնորհավորողներին խնդրել է կանգնել արցախցիների կողքին։
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր զանգահարեցին կամ գրեցին՝ շնորհավորելու իմ ծննդյան տարեդարձը: Այն, որ դուք մի պահ տրամադրեցիք ինձ հիշելու համար, շատ արժեքավոր է: Բայց ես ուզում եմ բոլորից մի բան խնդրել։ Եթե մեր բարեկամությունը երբևէ ինչ-որ բան է նշանակել կամ ես կարողացել եմ ինչ-որ կերպ օգնել ձեզ, խնդրում եմ, մի պահ տրամադրեք և մտածեք սովի և կործանման եզրին կանգնած Արցախի անմեղ ժողովրդի մասին։ Գրեք կամ զանգահարեք Կոնգրեսում ձեր ներկայացուցիչներին: Խոսե՛ք»,- գրել է Քասախյանը։
Նախկին քաղաքապետը կոչ է արել ընկերներին օգնել իրեն աջակցել Արցախին։ «Օգնեք ինձ կանգնել Արցախի կողքին։ Աշխարհի ամենամեծ նվերը կլինի, եթե դուք միանաք ինձ՝ բարձրացնելու իրականությունը և պահանջեք, որ ԱՄՆ կառավարությունն իր խոսքերն ամրապնդի արցախահայությանը օգնելու գործողություններով»,- եզրափակել է Քասախյանը։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»:
Հուլիսի 25-ին, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ։
Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում և կմնան այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղապահների կողմից արձագանք չի ստացվել։ Հումանիտար բեռների փոխադրմանը հետևում են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ։
«Արցախի դավաճանությունը մնացել է կոկորդին». պատգամավորը մեկնաբանել է բանակցությունների մասին Փաշինյանի խոսքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին իր հայտարարություններով ցույց է տալիս, որ իր թիմի համար այս հարցը ոչ...