Բելգիայի հայերը Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելի սրտում՝ Եվրախորհրդի և Եվրոպական հանձնաժողովի շենքերի առջև բողոքի լուռ ակցիա են իրականացրել ի աջակցություն շրջափակման մեջ գտնվող Արցախի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղղված նամակ են հանձնել , տեղեկանում ենք Բելգիայի հայերի կոմիտեի Facebook էջից։
Կոմիտեն նշում է, որ ակցիայի մասնակիցների նպատակն էր ուշադրություն հրավիրել տարածաշրջանում սրվող հումանիտար ճգնաժամի վրա, որը հանգեցրել է անմեղ մարդկանց, այդ թվում՝ երեք անչափահաս երեխաների ողբերգական մահվան՝ 120,000 հայերի նկատմամբ ադրբեջանական նպատակաուղղված սովի քաղաքականության պատճառով։
«Որպես «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության ներկայացուցիչներ և մտահոգ քաղաքացիներ՝ ցուցարարները համոզված են, որ կոլեկտիվ ջանքերը և ԵՄ կոնկրետ աջակցությունը կարող են վճռորոշ դեր խաղալ շրջափակումը դադարեցնելու և տուժածների տառապանքը մեղմելու գործում», – ասված է կոմիտեի էջում։
Կոմիտեն նշում է նաև, որ լուռ բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցների ցուցադրված պաստառները ուղերձ էին միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը, անտարբեր չմնալու Լեռնային Ղարաբաղում/Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտմանը։ Ակցիայի ընթացքում մասնակիցները երեխաների հետ միասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղղված նամակ հանձնեցին։ Նամակում Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են անում ԵՄ ղեկավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատժամիջոցներ կիրառելով հանցագործ Ադրբեջանի նկատմամբ և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու անօրինական շրջափակումը։ Մասնակիցները նաև ընդգծել են միջազգային իրավունքի, մարդու իրավունքների պահպանման և Արցախի ժողովրդի հրատապ կարիքների լուծման կարևորությունը։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ: