Ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել արցախցի 68-ամյա մի բնակչի, որը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ Տղամարդուն ձերբակալել են Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետում, հավելել է պետնախարարը, հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով ՀՀ բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել Արցախի 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել, սպասում ենք նոր տեղեկությունների»,- հայտնել է պետնախարարը։
Նա տեղեկացրել է, որ նույն երթով ՀՀ տեղափոխվող Արցախի քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է։
«Հատկանշական է, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում է խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ է ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն է՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն»,- նշել է Ներսիսյանը։
Նրա խոսքով՝ սրանք են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախն Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող հանցագործություններն անբավարար չափով դատապարտելու և գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր-օրի ահագնացող հետևանքները, որոնք ցանկացած գնով պետք է կանխվեն։
«Հայ ժողովուրդ, նորից ու նորից գոչում եմ, արթնացեք, դեմ կանգնեք այս ամենին»,- գրել է պետնախարարը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ էլ՝ ադրբեջանցի զինվորականներն առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ստեփանյանը պարզաբանել է, որ այժմ Արցախի քաղաքացու գտնվելու վայրը հայտնի չէ։ Խաչատրյանի հարազատներից, ԿԽՄԿ-ի կամ ռուս խաղաղապահներից ոչ ոք նրա մոտ չկա։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»:
Հուլիսի 25-ին, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ։
Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում և կմնան այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղապահների կողմից արձագանք չի ստացվել։ Հումանիտար բեռների փոխադրմանը հետևում են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ։