Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է դստեր ներկայությամբ։
«Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Արցախում, ապրում է Պատարա գյուղում։ Ինչպես բոլոր արական սեռի ներկայացուցիչները, նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-94 թվականների պատերազմում, սակայն Ադրբեջանի մեղադրանքը կեղծ է, քանի որ Մեշալի գյուղում նման հանցագործություն չի եղել։ Այսօր նրան առևանգել են իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցչի մոտ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բեգլարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել արցախցի 68-ամյա մի բնակչի, որը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ Տղամարդուն ձերբակալել են Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Դատախազությանը, տեղեկացրեցին Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։
ՀՀ ԱԳՆ-ն Վագիֆ Խաչատրյանի առևանգումը որակել է որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում։