Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Արցախի դատախազությունը։
«ԱՀ ք. Ստեփանակերտից ՀՀ ք. Երևան տեղափոխվող, ԱՀ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի բնակիչ Վագիֆ Չերքեզի Խաչատրյանի անձնագրի ստուգման ժամանակ, ըստ ազգային պատկանելության, վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողները բացահայտ առևանգել են Վ.Չ.Խաչատրյանին:
Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունում 29.07.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով /Մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները/ նախատեսված հանցագործության հատկանիշներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել արցախցի 68-ամյա մի բնակչի, որը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ Տղամարդուն ձերբակալել են Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Դատախազությանը, տեղեկացրեցին Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է դստեր ներկայությամբ։
ՀՀ ԱԳՆ-ն Վագիֆ Խաչատրյանի առևանգումը որակել է որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում։