Արցախի ԱԳՆ հայտարարել է, որ եթե Բաքվի կարգավորման նախագիծը ՝ Արցախի հարկադիր հպատակեցմամբ իրագործվի, ապա մարդկանց առևանգումները, անօրինական բերման ենթարկումները, արտադատարանական սպանությունները, բռնի անհետացումներն ու արցախահայության իրավունքների այլ զանգվածային խախտումները համատարած բնույթ կստանան:
«Գրեթե անհավանական է, որ արցախցիները կկարողանան գոյատևել կամ ստանալ արժանապատիվ վերաբերմունք Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու դեպքում»,- ասված է Լաչինի ադրբեջանական ապօրինի անցակետից Վագիֆ Խաչատրայնի առևանգման կապակցությամբ արված Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով 2020 թ․ պատերազմին զոհվել է 38 խաղաղ բնակիչ, պատերազմից և 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից սպանվել են ՝ 3 խաղաղ բնակիչ, 3 ոստիկան և 21 զինծառայող:
Գերատեսչությունը ներգրավված միջազգային դերակատարներից, այդ թվում՝ ԿԽՄԿ-ից պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցներ՝ անհապաղ ազատելու և հայրենիք վերադարձնելու առևանգված քաղաքացուն և Ադրբեջանի կողմից Արցախի 8 ամիս շարունակվող
ապորիպի շրջափակման հարցն անհապաղ քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
«Դիմում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ որպես տեղում ներկա և համապատասխան միջազգային մանդատով օժտված միակ միջազգային կազմակերպությանը՝ խստորեն հորդորելով արտահայտել իր հրապարակային դիրքորոշումը և միջազգային հանրությանն ու, առաջին հերթին, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին ներկայացնել փաստական և իրավական մանրամասն տեղեկատվություն Արցախում տիրող իրավիճակի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել արցախցի 68-ամյա մի բնակչի, որը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ Տղամարդուն ձերբակալել են Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Դատախազությանը, տեղեկացրեցին Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին՝ նշելով, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 103-րդ (ցեղասպանություն) և 107-րդ (բնակչության տեղահանում կամ բռնի վերաբնակեցում) հոդվածներով։ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամաբ Ադրբեջանի առաջ քաշած մեղադրանքները կեղծ են։
ՀՀ ԱԳՆ խոսնակը Վագիֆ Խաչատրյանի առևանգումը որակել է որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել։