Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետում Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման մանրամասները։
ԱՀ ՄԻՊ-ի տվյալներով՝ Վագիֆ Խաչատրյանն իր անձնագիրը ներկայացրել է ադրբեջանական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին, որոնք այնուհետև անձնագիրը չեն վերադարձրել նրան։ Հետո, նրա խոսքով, Խաչատրյանի դստեր և ԿԽՄԿ-ի ներկայացուցչի հարցին, թե ինչու չեն վերադարձնում անձնագիրը, ադրբեջանցիները պատասխանել են, որ 5 րոպեից կտրամադրեն այն։
Այնուհետև, ըստ ՄԻՊ-ի, Վագիֆ Խաչատրյանին տեղեկացրել են, որ պետք է 15 րոպեով ուղեկցեն «անցակետի» մոտակայքում տեղակայված սենյակներից մեկը մի քանի հարց ուղղելու համար։
«Վագիֆի դուստրը և ԿԽՄԿ ներկայացուցիչը պնդել են, որ հարցերը կարող են ուղղել հենց անցակետում, այլ տեղ տեղափոխվելու անհրաժեշտություն չկա։ Դրանից հետո ադրբեջանցիները սպառնացել են, որ դա կանեն ուժի կիրառմամբ։ Այդ նույն ժամանակ, ըստ վկայությունների, «անցակետի» մոտ ինքնաձիգերով զինված բազմաթիվ ադրբեջանցի ծառայողներ են հավաքվել։ Վագիֆ Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված։ Մոտ 10 րոպե անց «Շեվրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ»,-հայտնել է ՄԻՊ-ը՝ նշելով, որ, ըստ վկայության, ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։
Գեղամ Ստեփանյանը նաև հայտնել է, որ այս բոլոր գործողությունները ընթացել են Վագիֆ Խաչատրյանի դստեր ներկայությամբ, որը փորձել է անել հնարավորը հոր առևանգումը կանխելու համար, սակայն նրան սպառնացել են ուժի կիրառմամբ։ ՄԻՊ-ը հայտնել է, որ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն ունի սրտանոթային հիվանդություն, տեղափոխվում էր Երևանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն վիրահատության նպատակով։
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին՝ տեղեկացնելով, որ նա, «որպես մեղադրյալ» է անցնում Բաքվում հարուցված քրեական գործով: ՀՀ ՄԻՊ Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, իսկ նրա իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։