ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ, հայտնել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Երեկ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ անցման հրատապ անհրաժեշտությունը, ընդգծել այլընտրանքային երթուղիների շուրջ փոխզիջման անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական բեռները հասցվեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
Հուլիսի 25-ին հայտնել էինք, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ։ Երևանից Արցախ էր ուղարկվել 19 բեռնատար՝ մոտ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Բեռը, սակայն, մինչև օրս չի հասել Արցախ։