Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյն արձագանքել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նամակին, որով նախագահը խնդրել էր փորձագիտական կարծիք հայտնել, թե արդյոք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը:
Տեղեկությունն «Արցախպրես»-ին հայտնել է է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ նշելով որ Օքամփոյը պատասխան նամակ է հղել Նախագահին, որտեղ մասնավորապես գրել է. «Ինձ համար պատիվ կլինի վերլուծել խնդիրը և ձեզ ներկայացնել իմ եզրակացությունը։ Կպատրաստեմ համապարփակ զեկույց՝ վերլուծելով փաստերն ու օրենքը։ Իմ գնահատականը կլինի անկողմնակալ և պրո-բոնո հիմունքներով:
Ցեղասպանության իրականացման վերաբերյալ եզրակացություն անելու համար ես պետք է վերլուծեմ Ադրբեջանի ղեկավարների մտադրությունները, որը կարելի է եզրակացնել հիմնվելով փաստերից: Իմ ճշգրտությունն ու անաչառությունը պաշտպանելու համար ես կգրեմ Ադրբեջանի նախագահին՝ հնարավորություն տալով ուղղակիորեն ճշտել իր դիրքորոշումը։
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ներառյալ 120.000 հայերի սովի վտանգը, ես նախատեսում եմ իմ զեկույցը հրապարակել 7 օրից: Խնդրում ենք վերլուծություն անելու համար հաղորդել ցանկացած նոր հանգամանք, որը կարող է ազդել իրավիճակի վրա»:
Ավանեսյանի խոսքով՝ բացի պատասխան նամակից, անցած գիշերվա ընթացքում թեմայի կապակցությամբ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը թվիթերի իր միկրոբլոգում նաև երեք անգամ անդրադարձել է գրառմամբ: