Բաքուն հրաժարվել է Բրատիսլավայում հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «իր սեփական իրազեկ աղբյուրներին»։
«Հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 1-ին։ Բաքուն մերժումը բացատրել է նրանով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու անգամ բանակցությունների է հրավիրել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին, ինչից նրանք հրաժարվել են»,- գրում են լրատվամիջոցները։
Արցախի նախագահին առընթեր հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ասել է, որ այս կերպ Ադրբեջանը փորձում է իրենց ստիպել համաձայնել Բաքվում կամ Եվլախում հանդիպմանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 25-ին Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Երևանը հասկանում է «Հայկական կողմը հասկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին համոզելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավորինս շուտ հանդիպեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (այս դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքները, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները»։