Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է հանրապետությունում ուշագնացության դեպքերի աճի մասին, որոնց պատճառը Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամն է։
«Շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար, այդ բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացության դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակով, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիությամբ և շոգ եղանակային պայմաններով»,-գրել է նա:
ՄԻՊ-ը նշել է, որ ուսումանսիրությունները ցույց են տվել, որ ուշագնացության դեպքերը գնալով աճում են, ինչը անհերքելիորեն փաստում է, որ հումանիտար ծանրագույն իրավիճակն անմիջականորեն իր աղետալի հետևանքներն է ունենում հանրային առողջության վրա՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքեր:
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»:
Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։