Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում: Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին, հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից։
Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին։