ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված շարունակվող խնդիրների մասին հաղորդագրություններով, հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքը՝ հայտնելով, որ Գուտերեշը անհապաղ քայլեր ձեռնարկելու կոչ է արել։
Ֆարհան Հաքի փոխանցմամբ՝ Գուտերեշը հիշեցրել է իր հայտարարությունը՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի վճիռների կատարման անհրաժեշտության հետ, ներառյալ 2023 թվականի փետրվարի 22-ին հրապարակված և 2023 թվականի հուլիսի 6-ին հաստատված որոշումները, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժի ապահովմանն ուղղված միջոցառումներին։
«Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնություն հասցնելու հասանելիությունը հեշտացնելու համար: Նա երկու կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության»,-հավելել է Ֆարհան Հաքը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
2023թ․ հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել էր որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։ Հուլիսի 6-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել էր Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երաշխավորելու մասին Ադրբեջանին ուղղված պարտավորությունն ամրագրող որոշումը։