Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնը (Global Centre For The Responsiblity To Protect) Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն անվանել է ռազմական հանցագործություն։
Կենտրոնը նաև աջակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կոչին՝ տարածաշրջան ուղարկելու անկախ առաքելություն՝ փաստեր հավաքելու, Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։
Կենտրոնն իր հայտարարության մեջ հիշեցրել է, որ Ադրբեջանը ավելի քան 7 ամիս է, ինչ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, որը հրահրել է հումանիտար ճգնաժամ և զրկել ղարաբաղցի ավելի քան 120 հազար հայի, այդ թվում՝ 30 հազար երեխայի, կենսական ռեսուրսներից։
2005 թվականին ՄԱԿ-ը սահմանել է միջազգային իրավունքի նորմ՝ «Պաշտպանելու պարտավորություն» նախաձեռնությունը։
Հայեցակարգն իրականացնելու համար 2008 թվականին ստեղծվել է Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոն, որը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Ժնևում:
Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է մարդասիրական, ուղեւորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։ Հուլիսի 26-ին Հայաստանը Արցախ է ուղարկել 19 բեռնատար՝ 361 տոննա մարդասիրական բեռներով, այդ թվում՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ, սակայն Ադրբեջանն արգելել է անցումը։ Մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունը գտնվում է Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր հատվածում։