Մի շարք մարդասիրական ՀԿ-ներ այսօր այցելել են Լաչինի միջանցքի (Կոռնիձորի) հարակից տարածք, հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
«Մի շարք մարդասիրական ՀԿ-ներ այսօր այցելել են Լաչինի միջանցքի հարակից տարածք։ Բարձրացնելով իրենց մտահոգությունը ԼՂ-ի շրջափակման հումանիտար հետևանքների մասին` կոչ են արել Ադրբեջանին և աշխարհին պաշտպանել ԼՂ 30․000 երեխաների իրավունքները»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Անի Բադալյանը։
«Արմենպրես»-ը հայտնել է, որ կազմակերպությունների ներկայացուցիչներին ուղեկցել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։
Լրատվականի փոխանցմամբ՝ Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Քնարիկ Գարամֆիլյանը և «Հայ օգնության ֆոնդ» երեխաների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչ Միրա Անտոնյանը իրենց մտահոգություններն են հայտնել Արցախի 30․000 երեխաների սնունդից և դեղորայքից զրկված լինելու առնչությամբ։
Հաղորդվում է, որ Քնարիկ Գարամֆիլյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ խիստ մտահոգված են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով՝ հավելելով, որ Ադրբեջանի գործողությունները համարում են ցեղասպանության ակտ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։
«Սա համարում ենք ցեղասպանության ակտ։ Հատկապես մեր մտահոգության առարկան են 30 հազար երեխաները, որոնք ապրում են Արցախում և այս պահին զրկված են սնունդից, դեղորայքից։ Ընտանիքները բաժանված են։ Ոտնահարված են երեխաների բոլոր իրավունքները, և մեր ակնկալիքն է, որ այս հարցը շուտափույթ լուծում ստանա, ու միջոցներ ձեռնարկվեն միջանցքը բացելու համար»,- մեջբերում է ԶԼՄ-ն։
Նշվում է, որ Միրա Անտոնյանն իր հերթին հայտնել է, որ իրենց կազմակերպությունն անդամակցում է Eurochild կազմակերպությանը, որտեղ միավորվել են երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող մասնագետները․ «Չափազանց մտահոգված ենք, և ուզում ենք մեր միջազգային գործընկերներին տեղեկացնել և խնդրել նրանց, որ կոտրեն բոլոր այն դռները, որոնց հնարավոր է հասնել, տեղ հասցնել մեսիջներն այն մասին, որ չի կարող օրը ցերեկով, աշխարհի աչքերի առաջ 30 հազար երեխա սովի մատնվել։ Արցախի երեխաներն էլ աշխարհի բոլոր երեխաների նման ունեն նույն իրավունքներն ու հնարավորությունները»,- ասել է նա։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»: