Ֆրանսիան պահանջել է վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Ֆրանսիան պահանջում է վերականգնել ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը բնակչությանը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի դիվանագետը։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով փակել են Լաչինի միջանցքը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
2023-ի հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով նաև մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։
Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։