Արցախի ԱԳՆ-ն կոչ է արել բոլոր շահագրգիռ պետություններին, միջազգային կազմակերպություններին և մյուս միջազգային դերակատարներին խոսքից անցնել գործի՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ իրականացվող միջազգային հանցագործություններին։
«Արցախ հումանիտար օգնություն հասցնելու համար այլընտրանքային ճանապարհների օգտագործման հնարավորության մասին վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ Բաքուն շրջափակումն օգտագործում է որպես զենք և Արցախի ժողովրդին ճնշելու միջոց։ Ադրբեջանի նման գործողությունները և գործելակերպը հակամարդկային լինելու պատճառով պետք է ամենավճռական ձևով մերժվեն միջազգային հանրության կողմից։ Այս կապակցությամբ հերթական անգամ հաստատակամորեն կոչ ենք անում բոլոր շահագրգիռ պետություններին, միջազգային կազմակերպություններին և մյուս միջազգային դերակատարներին խոսքից անցնել գործի՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ իրականացվող միջազգային հանցագործություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ ցեղասպանության հանցագործության կանխարգելումը պետություների erga omnes (բոլորին վերաբերող) պարտավորություն է, համաձայն որի՝ յուրաքանչյուր պետություն պետք է ակտիվ և շարունակական ջանքեր գործադրի՝ նման հանցագործության կանխման համար։
«Արցախի Հանրապետությունում շարունակվող մարդասիրական աղետի և մարդու իրավունքների ճգնաժամի դադարեցումը իրական մարտահրավեր է ներգրավված միջազգային դերակատարների գործունակությունը։ Համոզված ենք, որ իրենց հանձնառությունների համաձայն, նրանք ի վիճակի են վերացնել Ադրբեջանի կողմից միջազգային իրավակարգի նման ակնհայտ ու կոպիտ խախտումը և կանխարգելել ցեղասպանության հանցագործության իրականացումը։ Այլապես, հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման վերաբերյալ բոլոր կոչերը կլինեն իրականությունից կտրված, բովանդակազուրկ ու անհեռանկար»,- ասված է Արցախի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Կարևորելով Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի և այլ հեղինակավոր միջազգային դերակատարների կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվող կոչերը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ՝ Արցախի ԱԳՆ-ն նշել է, որ նման կոչերը որևէ ազդեցություն չեն ունենում Ադրբեջանի ղեկավարության վրա, որը, ամենաթողության և լիակատար անպատժելիության պայմաններում, շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը և սովամահ անում Արցախի 120 000 բնակիչներին՝ նրանց համար ստեղծելով անտանելի կենսապայմաններ։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով փակել են Լաչինի միջանցքը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
2023-ի հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով նաև մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։
Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։