Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ ԿԿԽՄԿ-ի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում կընդունեն՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց։
«Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց։ Մնացած բոլոր դեպքերում դա ինտեգրացիայի պարտադրման հերթական քայլը կլինի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։ Հայաստանը հայց է ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել է Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել մինչև օգոստոսի 8-ը։