Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կոչ է արել ապաշրջափակել Արցախն ու բացել Լաչինի միջանցքը:
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ծանր հումանիտար ճգնաժամ է ստեղծվել։ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհն է:
120.000 անմեղ քաղաքացիական բնակչությունը պայքարում է գոյատևման համար՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտության պարագաների բացակայության պայմաններում: 30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնության կոչ են անում, սակայն աշխարհը լռում է»,-նշել է Արթուր Աբրահամը։
Նա շեշտել է, որ մարդկանց սովի մատնելու դառը իրականությունը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ:
«Միավորված Ազգերի Կազմակերպությանը և քաղաքակիրթ աշխարհին կոչ եմ անում միջամտել:
Բացե՛ք Լաչինի ճանապարհը»,-հավելել է նա։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։