ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և դադարեցնել հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։
«Փորձագետները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի երկայնքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի հայտարարության»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Փորձագետները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին պահպանել իր միջազգային պարտավորությունները։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները՝ հարգելու և պաշտպանելու մարդու իրավունքները, ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքը: Մենք նաև ընդգծում ենք համագործակցության և երկխոսության կարևորությունը բոլոր ներգրավված կողմերի միջև՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ և կայուն ճանապարհ»,- նշել են փորձագետները։
Նրանք նաև կոչ են արել տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին պաշտպանել միջանցքը՝ համաձայն հայտարարության:
Հայտարարությունը ստորագրել են սննդի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Մայքլ Ֆախրին, կրթության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Ֆարիդա Շահիդը, տարեցների կողմից մարդու բոլոր իրավունքներից օգտվելու անկախ փորձագետ Կլաուդիա Մալերը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ջերարդ Քուին։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով փակել են Լաչինի միջանցքը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
2023-ի հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով նաև մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։
Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։