Հայաստանի կառավարությունից Արցախն ապաշրջափակելու համար իրենց զենք տրամադրել պահանջող ազատամարտիկները հասել են միջանցք, որտեղ հուլիսի 26-ից Արցախի համար մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ են կանգնած: Ակցիայի մասնակիցներից մեկը տեղեկացրել է, որ ոստիկանները փակել են իրենց ճանապարհը։
«Մեզ թույլ չեն տալիս անցնել և սնունդ հասցնել Արցախ. փոխանակ մեզ միանան, մեր դեմ են գնում», – ասել է նա։ Ցուցարարը կոչ է արել բոլորին միանալ իրենց ակցիային։
Օգոստոսի 8-ին պատերազմի վետերանները հանրահավաք են անցկացրել Հայաստանի կառավարության մոտ։ Նրանք ժամանակ են տվել կառավարությանը՝ Կոռնիձորի տարածաշրջանում մարդասիրական օգնության մեքենաները Արցախ հասցնելու համար, հակառակ դեպքում սպառնացել են ուժ կիրառել։ «Սպասում ենք մինչև ժամը 18:00-ն, եթե Արցախ տանող ճանապարհը չբացվի, Արցախ սնունդ չմատակարարվի, մենք ինքներս կբացենք այս ճանապարհը»,- ասել է ակցիայի մասնակիցներից «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության հրամանատար Սարգիս Պողոսյանը։
Երեկոյան ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարներից մի քանիսին։ Պողոսյանը լրագրողներին ասել էր, որ ցուցարարները մտադիր են Հանրապետության հրապարակում սպասել տրանսպորտին՝ Կոռնիձոր գնալու համար։ Նա նաև նշել է, որ այլևս մտադիր չեն փակել փողոցները։