Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, աշխարհահռչակ Հարվարդի և Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ասել է, որ Ալիևը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել Ղարաբաղում ցեղասպանության համար։
«Ողջամիտ հիմք կա հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում (Արցախում) բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում։ Ցեղասպանության մասին կոնվենցիայի IV հոդվածը սահմանում է, որ «Ցեղասպանություն իրականացնող անձինք պետք է պատժվեն», նույնիսկ եթե «նրանք սահմանադրորեն պատասխանատու կառավարիչներ են»»,- նշել է նա հավելելով, որ չկա անկախ քրեական արդարադատության համակարգ, որը պատրաստ է հետաքննել նախագահ Ալիևի կողմից ենթադրաբար իրականացված ցեղասպանության հանցագործությունը:
«Նախագահ Ալիևը չի կարող հետաքննվել որևէ օտարերկրյա պետական իշխանությունների կողմից, քանի որ նա անձեռնմխելիություն է վայելում որպես պետության ղեկավար, սակայն Միջազգային քրեական դատարանը տրամադրում է իրավազորություն, երբ այդպիսի անձեռնմխելիություն չի կիրառվում»,- հայտնել է Օքամփոյը՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում հանցագործությունների կատարման համար ՄՔԴ-ի հետաքննություն սկսելու երեք եղանակ կա. 1-ին՝ Ադրբեջանը դառնում է անդամ պետություն (Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 1-ին կետ), 2-րդ՝ Ադրբեջանն ընդունում է Դատարանի իրավազորությունն իր տարածքում (Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ կետ), 3-րդ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերից հետո Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակը փոխանցում է ՄՔԴ-ին (Հռոմի կանոնադրության 13-րդ հոդված):
«Ադրբեջանը Հռոմի կանոնադրության անդամ պետություն չէ (հոդված 12(1)), չի ընդունում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը (հոդված 12(3)): Հետևաբար, պահանջվում են պետությունների անհապաղ գործողություններ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ընդունելու համար, որով Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քննարկումը կտեղափոխվի Միջազգային քրեական դատարան, նման նախադեպեր կան»,- ընդգծել է նախկին դատախազը:
Նշվում է, որ 2005 թվականի մարտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 1395 բանաձևը, համաձայն որի՝ Դարֆուր – Սուդան հարցը փոխանցվեց ՄՔԴ, հինգ տարի անց նախագահ Ալ Բաշիրին մեղադրեցին ցեղասպանության համար, 2011 թվականի փետրվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լիբիայում տիրող իրավիճակը հանձնեց դատարան, 2011 թվականի հունիսին ՄՔԴ-ն Մուամար Քադաֆիին ձերբակալելու հրաման է տվել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը ՄՔԴ-ին իրավազորություն տրամադրելու համար պետք է իրագործելի լինի: Ցեղասպանության մասին կոնվենցիայի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավոր են կանխել և պատժել ցեղասպանությունը, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս 15 անդամներից 14-ը նույնպես հանդիսանում են այդ Կոնվենցիայի կողմեր՝ ապահովելով ճնշող մեծամասնությունը»,- ասել է Օքամփոյը:
Նխկին դատախազը նշել է, որ Նախագահ Ալիևը, ինչպես նաև միջազգային հանրությունը, հազվագյուտ հնարավորություն ունեն կանխելու հետագա զոհերը և խմբի «ֆիզիկական ոչնչացումը» այս Ցեղասպանության միջոցով և այս ամենի ժամանակին կանխարգելումը պահանջում է հրատապ քաղաքական որոշումների ընդունում։
«Դ ադարեցնել շրջափակումը և մեկ-երկու շաբաթվա ընթացքում վերականգնել Լեռնային Ղարաբաղին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը և ապահովել վիճելի տարածքային պահանջների ինստիտուցիոնալ լուծումներ: Այն պետք է ընդունվի մինչև 2025 թվականի մայիսը, քանի որ այդ պահին Ադրբեջանը կարող է խնդրել դադարեցնել ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունը»,- ասել է նա։
ՄՔԴ նախկին դատախազի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հակամարտությունը միջազգային հանրության համար հնարավորություն է՝ մշակելու նորարարական և ներդաշնակ լուծում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։ Հռոմի ստատուտի 16-րդ հոդվածի համաձայն՝ քրեական հետաքննությունը կարող է ի վերջո դադարեցվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ վերջնական և արդար լուծում գտնելու համար»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, միջազգային իրավունքի ոլորտում առաջատար փորձագետ Լուիս Մորենո Օքամփոյն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը ճանաչել է որպես Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «ցեղասպանություն»։ Նա այսպես է արձագանքել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խնդրանքին՝ փորձագիտական եզրակացություն տալու, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ցեղասպանություն է։