Միջազգային իրավապաշտպան, «Ցեղասպանության արձագանքման կոալիցիայի» հեղինակ և համահիմնադիր Էվելինա Օչաբը «Forbes» պարբերականում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը։
Հոդվածում նշվում է, որ 2023 թվականի օգոստոսի 7-ին ՄԱԿ-ի փորձագետների խումբը բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման հետևանքով տիրող տագնապալի իրավիճակի մասին։ Ինչպես ընդգծել են նրանք, 2022 թվականի դեկտեմբերից իրականցվող շրջափակումը, որը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, բնակչությանը կանգնեցրել է «պարենամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների սուր պակասի առաջ, ազդել է բժշկական և կրթական հաստատությունների գործունեության վրա և զգալի վտանգի տակ է դրել բնակիչների՝ հատկապես երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, հղիների և հիվանդների կյանքը»։ Ավելին, քանի որ հիվանդանոցների պաշարները սպառվում են, հիվանդանոցները պայքարում են բուժօգնություն ապահովելու համար: ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերականգնել մարդկանց, մեքենաների և բեռների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի համաձայնագրի։
Օչաբը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի անտարբերությունը Լեռնային Ղարաբաղի շրջափակման նկատմամբ, որի ժողովուրդը անհապաղ օգնություն է պահանջում։
«Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի իրավիճակի մասին հաղորդագրություններին վերջապես պետք է լուրջ վերաբերվել և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Քանի որ Լեռնային Ղարաբաղը սովամահ է լինում, միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, ինչպես դա արել է վերջին ութ ամիսների ընթացքում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հրատապ օգնություն է պահանջում՝ առանց որևէ այլ պատճառաբանության»,- գրել է իրավապաշտպանը:
Օգոստոսի 8-ին միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, միջազգային իրավունքի ոլորտում առաջատար փորձագետ Լուիս Մորենո Օքամփոյն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը ճանաչել է որպես Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «ցեղասպանություն» և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հայտնել, որ Ալիևը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել Ղարաբաղում ցեղասպանության համար։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով փակել են Լաչինի միջանցքը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
2023-ի հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով նաև մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։
Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։