ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը համաձայնել է հանդիպել ԱՄՆ-ում Արցախի հարցով արդեն շուրջ 4 օր բողոքի ակցիաներ իրականացնող հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնել է ակցիայի մասնակից Դավիթ Մնացականյանը։
Նա հայտնել է, որ Ադամ Շիֆի հետ պատրաստվում են հանդիպել վաղը՝ օգոստոսի 11-ին։ Դավիթ Մնացականյանը հայտնել է նաև, որ Բրբանքից ավտոշարասյունով հասել են Գլենդել, որտեղ ևս փողոցներ են փակել։
«Հիմա գնում ենք Ադամ Շիֆի գրասենյակի մոտ ու չենք պատրաստվում տուն գնալ, քանի որ մեր պահանջը հաստատուն է»,-հավելել է Դավիթ Մնացականյանը։
Այսօր՝ օգոստոսի 10-ին, ԱՄՆ Բրբանք քաղաքում ի պաշտպանություն Արցախի ավտոերթ էր իրականացվել, հայ համայնքի ներկայացուցիչները փողոցներ էին փակել։ Նրանք Ադամ Շիֆից հանդիպում էին պահանջում։ Նրանք պահանջում են նաև հանդես գալ ասուլիսով, այցելել Հայաստան, գնալ Լաչինի միջանցք։
Օգոստոսի 8-ին ցուցարարները գիշերն անցկացրել էին կոնգրեսականի գրասենյակի մուտքի մոտ։ Նրանք հայտարարել էին անժամկետ հանրահավաքի ու շուրջօրյա նստացույցերի մասին՝ ի պաշտպանություն Արցախի։ Բողոքի ակցիային մասնակցել էր նաև Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։