ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է բացել Աղդամի ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղում պարենային ճգնաժամը լուծելու համար, գրում է «Коммерсант»-ը՝ հղում անելով ռուսական պետական գերատեսչություններում իր աղբյուրին։ Նրա մտահղացմամբ՝ այս ճանապարհի բացումից ուղիղ մեկ օր անց Լաչինի միջանցքով պետք է վերականգնվեր երթևեկությունը։
Աղբյուրը պնդում է, որ «նման տարբերակը պատրաստության բարձր աստիճանի վրա էր»։ Սակայն, ըստ նրա, այնուհետև Ստեփանակերտը պայման է դրել, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի ոչ թե 24 ժամում, այլ անմիջապես, այնուհետև Լեռնային Ղարաբաղը հայտարարել է, որ ադրբեջանական ծագման ապրանքներ չպետք է առաքվեն Աղդամով, հետո Արցախից ադրբեջանցիների կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման սկանդալը եղավ և ի վերջո, փոխզիջումը չկայացավ։
Արցախի նախագահի հատուկ դեսպան, նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը «Коммерсант»-ին տված մեկնաբանությունում նշել է, որ տարածաշրջանում այլ հաղորդակցությունների ներգրավման թեմայի քննարկումը կարող է հնարավոր դառնալ Լաչինի միջանցքի բացումից և դրա նկատմամբ ռուս խաղաղապահների կողմից վերահսկողության վերականգնումից հետո, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
Լեռնային Ղարաբաղում հույս ունեն, որ Բաքվի վրա ճնշումը կավելանա
Մայիլյանի խոսքերով, Լեռնային Ղարաբաղը հուսով է, որ «միջազգային կառույցները և պետությունների ղեկավարները խոսքից գործի կանցնեն՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ իրականացվող միջազգային հանցագործություններին»։
«Իսկ իրականությունն այն է, որ տարածաշրջանում ազդեցության համար միմյանց հետ մրցող խաղացողներից և ոչ մեկը պատրաստ չի բանավոր ազդեցության սահմաններից դուրս ինչ որ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ: Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն զգույշ են, որպեսզի չփչացնեն Բաքվի և Երևանի միջև պոտենցիալ խաղաղ պայմանագրի տեսլականը, և դրան զուգահեռ մրցում են հիմնական խաղաղարար դառնալու իրավունքի համար»,- եզրափակում է հոդվածի հեղինակ Վլադիմիր Սոլովյովը։