Լաչինի ճանապարհը անխափան աշխատելուց հետո միայն կարող են այլընտրանքային տարբերակները քննարկման առարկա դառնալ, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։
«Մենք հստակ ասում ենք՝ մենք ունենք ստորագրված փաստաթղթով միջանցք՝ Լաչինի միջանցք, որը պետք է աշխատի անխափան, անխափան աշխատելուց հետո այդ ալտերնատիվ տարբերակները արդեն քննարկման ենթակա հարցեր են», – պատգամավորի խոսքերն է մեջբերում ԶԼՄ-ն։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է բացել Աղդամի ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղում պարենային ճգնաժամը լուծելու համար․ նրա մտահղացմամբ՝ այս ճանապարհի բացումից ուղիղ մեկ օր անց Լաչինի միջանցքով պետք է վերականգնվեր երթևեկությունը, գրել է «Коммерсант»-ը՝ հղում անելով ռուսական պետական գերատեսչություններում իր աղբյուրին։ Ավելի ուշ Ադրբեջանը հաստատել է Ռուսաստանի առաջարկը՝ Աղդամից Լաչինի միջանցքով ճանապարհ բացելու մասին։