Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն անդրադարձել է ռուսական «Կոմերսանտ» թերթի Աղդամով ճանապարհը բացելու, իսկ այնուհետև Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին հրապարկմանը։
«Ցանկացած նախաձեռնություն, որը Լաչինի միջանցքի օգտագործումը, այն էլ ծայրաստիճան սահմանափակ ռեժիմով կապում է այլ հարցերի և այլընտրանքային երթուղիների հետ, այդ թվում նաև՝ Աղդամով, իրականում հանդիսանում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ իր միջազգային պարտավորությունների խախտումն օրինականացնելու և այդ երկրի նախագահի կողմից ստորագրված 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը վերանայելու փորձ: Ադրբեջանի կողմից համառորեն առաջարկվող նման մոտեցումը կանխամտածված կերպով խախտում է Արցախի ժողովրդի իրավունքներն ու նվաստացնում արժանապատվությունը, ինչպես նաև հակասում է միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը կրկին ընդգծել է, որ այլընտրանքային տրանսպորտային երթուղիների օգտագործման վերաբերյալ առաջարկությունն Ադրբեջանի քաղաքականության մի մասն է՝ ուղղված իր իսկ հրահրած հումանիտար աղետի և սովահարության սպառնալիքի օգտագործմանը որպես զենք և Արցախի ու նրա ժողովրդի բռնի հպատակեցման միջոց:
«Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ ադրբեջանական կողմի առաջարկը հանգում է նրան, որպեսզի Լաչինի միջանցքն օգտագործվի բացառապես Հայաստանում բուժում ստանալու կարիք ունեցող մարդկանց բժշկական տարհանման և գուցե, Արցախից Հայաստան ծայրահեղ սահմանափակ ապրանքների տեղափոխան համար՝ Բաքվի համաձայնությունը ստանալուց հետո: Հրաժարվելով լիովին ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով և առաջարկելով այլընտրանքային երթուղիներ, ադրբեջանական կողմը հետևողականորեն փորձում է կտրել Հայաստանի և Արցախի ժողովրդի միջև գոյություն ունեցող խորը կապերը, նրան զրկել ինքնությունից, ինքնաբավությունից ու զարգանալու հնարավորությունից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի ԱԳՆ-ն շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումները չեն նախատեսում Ադրբեջանի որևէ ներկայություն Լաչինի միջանցքում կամ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղությամբ տեղաշարժի սահմանափակում: Հատկանշական է, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը, գտնվելով Բաքվում, 2023 թվականի փետրվարի 28-ին հաստատել է, որ Լաչինի միջանցքում հսկիչ-անցակետերի տեղադրումը Եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է բացել Աղդամի ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղում պարենային ճգնաժամը լուծելու համար․ նրա մտահղացմամբ՝ այս ճանապարհի բացումից ուղիղ մեկ օր անց Լաչինի միջանցքով պետք է վերականգնվեր երթևեկությունը, գրել է «Коммерсант»-ը՝ հղում անելով ռուսական պետական գերատեսչություններում իր աղբյուրին։ Ավելի ուշ Ադրբեջանը հաստատել է Ռուսաստանի առաջարկը՝ Աղդամից Լաչինի միջանցքով ճանապարհ բացելու մասին։