Հայաստանն օգոստոսի 11-ին դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ (ՄԱԿ ԱԽ)՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրի», – ասված է հայտարարության մեջ։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում ընդգծում է, որ Ղարաբաղի բնակչության համար կյանքի հետ անհամատեղելի պայմանների կանխամտածված ստեղծումը ոչ այլ ինչ է, քան «զանգվածային ոճրագործություն բնիկ ժողովրդի դեմ» և ուղղված է նրան, որ ստիպի նրանց լքել իրենց տներն ու հայրենիքը։
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ նման կոլեկտիվ պատժի կիրառումը գոյաբանական վտանգ է ներկայացնում վերջիններիս համար, եթե նրանք միայնակ մնան ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության դեմ։ Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի միջամտությունը», – ասված է հայտարարության մեջ։
Հայկական կողմի հայտարարության մեջ ընդգծվում է, որ 2023 թվականի հունիսի 15-ից առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի ծայրահեղ պակասը սրվել է Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի ամբողջովին փակման և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի արգելքի պատճառով:
Հայկական կողմը հիշեցրել է, որ Ադրբեջանը իր գործողություններով ծայրահեղ վնաս է պատճառել Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեությանը։ Որպես օրինակ նամակում բերվում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման կանխամտածված շարունակական խափանումները, մարդասիրական բոլոր մատակարարումների դադարեցումը՝ զուգորդված ադրբեջանական զինված ուժերի կողմից գյուղատնտեսական տարածքների թիրախավորված գնդակոծությամբ, որոնք հանգեցրել են սննդի սուր պակասի և խանութների փակման։
«Առաջնային անհրաժեշտության սննդամթերքի և վիտամինների բացակայության պատճառով մոտ 2000 հղի կին, մոտ 30000 երեխա, 20000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձ պայքարում է թերսնման պայմաններում գոյատևելու համար: Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, այդ թվում՝ 4687 շաքարային դիաբետով և 8450 արյան շրջանառության հիվանդություններով, մնացել են գրեթե առանց դեղամիջոցի», – ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ բերվում է մահացությունների աճի ցուցանիշը, որը հասել է 90%-ի։
Հունվար-հուլիս ընկած ժամանակահատվածում, բժշկական հսկողության տակ գտնվող հղիների շրջանում սակավարյունության մակարդակը հասել է շուրջ 90%-ի, որը պայմանավորված է թերսնմամբ և համապատասխան դեղամիջոցների բացակայությամբ կամ անբավարարությամբ:
Երևանը հիշեցնում է, որ Ադրբեջանի այս գործողությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում են, խախտում են ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, որոնց համաձայն Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր միջոցները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար»։