Պետք է մերժել ցանկացած մոտեցում, որով Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչվում, Սուրբ Աստվածածնի վանքի ուխտի պատարագից հետո իր ելույթում նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
Շեշտելով, որ շրջափակման ենթարկված Արցախում մեր ազգի զավակները սովամահ լինելու ամիջական վտանգի մեջ են՝ նա մի պատգամ է ուղղել։
«Մեր առաջին պատգամն ուղղված է Հայաստանի իշխանությանը: Կանդրադառնա՞նք արդյոք, թե Արցախի գծով Հայաստանի որդեգրած մոտեցումները Արցախը կարող են ջնջել հայ կյանքի քարտեզից և ցեղասպանության մատնել 120 հազար հայորդիներին՝ միաժամանակ վտանգելով արդեն Հայաստանի ապագան: Ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հողային ամբողաջականությունը ճանաչելու խոստումներ կատարել՝ առանց ապահովելու իր անվտանգությունն ու ինքնուրույնությունը երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը: Ինչպե՞ս կարելի այսպես կոչված ամբողջական խաղաղության հաստաստման ի խնդիր պատրաստ լինել հանձնառություններ կատարել, երբ նման մոտեցումները կարող են վտանգել ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանի ամբողջականությունը և նույնիսկ գոյությունը»,-ասել է նա՝ շեշտելով, որ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում հարկ է, որ Հայաստանը դուրս գա պարտված լինելու եւ սոսկ զիջումներ կատարելու կացությունից։
«Հայաստանը պետք է առկախի բոլոր բանակցություններն Ադրբեջանի հետ, մինչեւ որ վերջ դրվի Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից: 3-րդ՝ հարկ է խուսափել նոր պատերազմից, սակայն սա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի բազմացող պահանջներին: Անհրաժեշտ է որդեգրել ճկուն, բայց մարտունակ գործելաոճ»,-ասել է նա։
Արամ Ա-ն առաջարկել է, որ իշխանության, ընդդիմության, Սփյուռքի ներկայացուցիչներից բաղկացած, քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառություն ունեցող մի մարմին ստեղծվի, որը բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ, բնականաբար, նոր ոճով և մոտեցմամբ:
Արա Ա-ն պատգամ է հղել նաև Հայաստանի ժողովրդին. «Մեզ համար տարօրինակ է Արցախի ժողովրդի ներկա ողբերգական կացության դեպքում Հայաստանի ժողորդի լռությունը, ավելի ճիշտ՝ անտարբերությունը: Մեր եղբայրները, քույրերը, երեխաները սովամահ են լինում այնտեղ՝ Արցախում, դուք ի՞նչ եք անում Հայաստանում, փողոց իջեք, ինչի՞ կսպասեք, աշխարհը մեզ է նայում, ժողովրդի ձայնը բարձր է աշխարհի բոլոր ձայներից: Ձեր ժամանակը մի վատնեք իրար մեղադրելով, ոտքի՛ ելեք, արդարություն պահանջեք աշխարհից: Հայաստանի մեջ կյանքը չի կարող բնական լինել, երբ Արցախում ծայրահեղորոեն անբնական է կյանքը»,-նշել է նա։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։