Լոս Անջելեսի հայերն արգելափակել են ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոսության մուտքը, տեղեկանում ենք SoCal Armenian Protests նախաձեռնության էջից։ Հայ համայնքի ներկայացուցիչները հյուպատոսության մոտ վրաններ են տեղադրել՝ պահանջելով ապաշրջափակել Լաչինի միջանցքը և փակցրել «Լռությունը ցեղասպանություն է», «Ցեղասպանություն 2023» և «Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի շարունակվող ցեղասպանություն» գրություններով պաստառներ։
Օգոստոսի 7-ից Լոս Անջելեսի հայերը բողոքի ցույցեր են անցկացնում՝ ի պաշտպանություն Արցախի։ Օգոստոսի 8-ին ցուցարարները գիշերել են կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մուտքի մոտ, մեկ օր անց փակել են փողոցը՝ երթով շարժվելով դեպի կոնգրեսականի նստավայր։ Օգոստոսի 10-ին Շիֆը համաձայնություն է տվել հանդիպել ակտիվիստների հետ։