Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մայրաքաղաքը սնուցող գետերի պաշարներն օդի բարձր ջերմաստիճանի պատճառով սակավացել են, սակայն քաղաքային իշխանությունը մասամբ կարգավորել է առաջացած ջրամատակարարման խնդիրը:
«Հարգելի՛ ստեփանակերտցիներ, մայրաքաղաքը սնուցող գետերի պաշարներն օդի բարձր ջերմաստիճանի պատճառով վերջին օրերին սակավացել են, ինչը բացասաբար է ազդում շուրջօրյա ջրամատակարարման համակարգի բնականոն աշխատանքի վրա: Մասնավորապես, օգոստոսի 10-ից խնդիրներ են առաջացել ջրաբաշխ ցանցի 4-րդ, 5-րդ, 9-րդ և 10-րդ գոտիների որոշ հատվածներում»,- հայտնում են գերատեսչությունից:
Նշվում է, որ քաղաքային իշխանության հետևողականության և ջրամատակարար «Ջրմուղ-կոյուղի» ընկերության ջանքերի շնորհիվ օգոոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերականգնել ջրամատակարարումը 9-րդ գոտում:
«4-րդ ու 5-րդ գոտիներում խնդիրը կարգավորվել է մասամբ, որովհետև դեռ ջրազուրկ են Սարին թաղ և Վ. Բարեպաշտ թաղամասերը: 10-րդ գոտում շարունակվում են վերականգնողական աշխատանքները»,- ասված է հայտարարությունում:
Գերատեսչությունից տեղեկացնում են նաև, որ պատճառած անհարմարությունները փոքրիշատե մեղմելու նպատակով ջրազուրկ բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրվել ու տեղադրվում են ջրի բաքեր։
«Հիդրոօդերևութաբանների՝ առաջիկա օրերի կանխատեսումները լավատեսական չեն, ինչը նշանակում է՝ տոթ եղանակը շարունակվելու է: Ուստի խնդրում ու հորդորում ենք խնայողաբար և խիստ նպատակային օգտագործել խմելու ջուրը, որպեսզի համակարգի վերջին օրերի ձեռքբերումները ի չիք չդառնան, և հնարավոր լինի մեր դեռ ջրազուրկ բնակիչներին ևս ապահովել կենարար հեղուկով»,- նշված է հայտարարության մեջ: