Արցախի առողջապահության նախարարությունը դիմել է ԿԽՄԿ-ին՝ տարհանել հեմոդիալիզ ստացող հիվանդներին Արցախից՝ անհրաժեշտ բժշկական պարագաների աճող սղության պատճառով մահից խուսափելու նպատակով։
«Պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման պատճառով դեղորայքի և բժշկական պարագաների աճող սուր սղությամբ՝ ԱՀ առողջապահության նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարհանելու հեմոդիալիզ ստացող հիվանդներին Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, այլապես բժշկական պարագաների ավարտից շուրջ մեկ շաբաթ անց այդ հիվանդները կմահանան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում շարունակաբար ծրագրային հեմոդիալիզ էր ստանում ընդհանուր 41 հիվանդ, որոնցից 19-ը վերջին օրերին տարհանվել է Հայաստանի Հանրապետություն ԿԽՄԿ կողմից, ևս 10-ի տարհանումը տեղի կունենա վաղը:
Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ին Բաքուն արգելել է հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով, իսկ հետագայում այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրել։ Հուլիսի 26-ին 19 բեռնատարներով 361 տոննա մարդասիրական օգնություն Երևանից մեկնել է Լեռնային Ղարաբաղ, սակայն Բաքուն արգելել է նրանց մուտքը միջանցքով։