Արցախի ճգնաժամի հարցով ԱՄՆ-ն անհապաղ պետք է գործողություններ նախաձեռնի, իր Facebook-յան էջում գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ հրապարակելով Արցախի հարցով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակը։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահին ադրբեջանական շրջափակումը դադարեցնելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու կոչ է արել։
«Օգտագործեք բոլոր հասանելի միջոցները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,-գրել է նա։
Այսօր հայտնի դարձավ, որ օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ԼՂ իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։
Օգոստոսի 7-ից Լոս Անջելեսի հայերը բողոքի ցույցեր են անցկացնում՝ ի պաշտպանություն Արցախի։ Օգոստոսի 8-ին ցուցարարները գիշերել էին կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մուտքի մոտ, մեկ օր անց փակել են փողոցը՝ երթով շարժվելով դեպի կոնգրեսականի նստավայր։ Օգոստոսի 10-ին Շիֆը համաձայնել էր հանդիպել ակտիվիստների հետ։ Օգոստոսի 14-ին Լոս Անջելեսի հայերն արգելափակել են ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոսության մուտքը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։