Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունները, տեղեկանում ենք ԱՀ ԱԳՆ-ից։
«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե, իբր, Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Տեղեկատվական դաշտը նման կեղծ լուրերով լցնելով, ինչպես արդեն բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա սադրանքների իրականացման համար»,-նշել են ԱԳՆ-ում։
ԱՀ ԱԳՆ-ն միջազգային դերակատարների և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրության լարման է գնում ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ գումարելու ՀՀ պահանջից ընդամենը երկու օր անց:
«Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետից միջազգային կառույցների ուշադրությունը շեղելու փորձ»,-ընդգծել են ԱԳՆ-ում՝ պահանջելով միջազգային բոլոր դերակատարներից և, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմից անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները:
Այսօր՝ օգոստոսի 15-ին, հայտնի դարձավ, որ օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ԼՂ իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։