Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական և ներկայացուցիչ, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը Armenia Today-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե Արցախի ճգնաժամի հարցով օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից ինչ ակնկալիքներ ունեն Արցախում։ Բաբայանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև Բաքվի վերջին մեղադրանքներին՝ կապված, իբրև թե, ՊԲ-ի կողմից շփման գծում զինտեխնիկա կուտակելու, հայկական կողմից սադրանքի նախապատրաստելու մասին։
Բաբայանը հայտարարել է, որ Ստեփանակերտը կարևոր է համարում Արցախի շրջափակման քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում։
«Քննարկումը շատ կարևոր ենք համարում, քանի որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, մարտահրավեր է միջազգային իրավունքին և քաղաքակիրթ աշխարհին, ինչպես նաև շատ վտանգավոր աշխարհաքաղաքական խաղ, որը նախաձեռնել են Թուրքիան և Ադրբեջանը»,- ընդգծել է նա։
Բաբայանը շեշտել է, որ այն, ինչ անում է Ադրբեջանը, աննախադեպ է և չի տեղավորվում որևէ շրջանակի մեջ, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է Բաքվին պարտադրի կատարել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։
«120 000 մարդ փաստացի հիմա շրջափակման մեջ է, և ամեն ժամ Արցախում իրավիճակը վատանում է, ուստի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անպայման համապատասխան որոշում կայացնի և պարտադրի Ադրբեջանին հետևել իր ստանձնած պարտավորություններին, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ պայմանագրի շրջանակներում»,- ասել է նա։
Շփման գծում հայկական զորքերի իբր «տեղաշարժման և հրադադարի ռեժիմի խախտման» ադրբեջանական հաղորդագրությունները Բաբայանը ՄԱԿ-ի նիստը տորպեդահարելու և Հայաստանին ու Արցախին սպառնալու փորձեր է անվանում։
«Սա հերթական շանտաժն է։ Առաջին հերթին՝ սա ուժի կիրառման սպառնալիքով Հայաստանի և Արցախի վրա ազդելու, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի աշխատանքները տորպեդահարելու փորձ է։ Ադրբեջանի այս բոլոր, այսպես կոչված, մեղադրանքները հիմք չունեն և այդ ամենը կեղծ է»,-հայտարարել է Բաբայանը:
Վերջինս կասկածելի է համարել ռուսական «Коммерсант»-ի հրապարակումը, ըստ որի՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է բացել Ակնայի (Աղդամ) ճանապարհը՝ ԼՂ-ում պարենային ճգնաժամը լուծելու համար մեկ օր անց բացել Լաչինի միջանցքը։ «Коммерсант»-ը գրել էր, որ առաջակը մերժել է պաշտոնական Ստեփանակերտը։
«Ցանկացած դեպքում Ակնայից ճանապարհը Լաչինի միջանցքի հետ համեմատելն ու նույնացնելն անթույլատրելի է։ Նախ՝ Լաչինի միջանցքն ունի համապատասխան իրավական ռեժիմ, իսկ թե՛ մարդկանց, թե՛ ապրանքների անարգել հոսքի երաշխավորը հենց Ռուսաստանի Դաշնությունն է։ Ադրբեջանի գործողությունները 2020 թվականի տխրահռչակ պայմանագրի խախտում են և, առաջին հերթին, հարվածում են թե՛ մեզ, թե՛ Ռուսաստանին»,- ասել է Բաբայանը։
Նրա կարծիքով՝ Լաչինի միջանցքի նույնացումն «Աղդամով անցնող ինչ-որ ճանապարհի» հետ սխալ է, և դա լեգիտիմացնում է այդ միջանցքի օկուպացիան Ադրբեջանի կողմից։
«Այն, որ այդ միջանցքն օկուպացված է Ադրբեջանի կողմից, արդեն փաստ է»,- հավելել է նա:
Բաբայանն ասել է, որ չի հասկանում, թե ինչու են Ակնայով ճանապարհը կապում Լաչինի միջանցքի հետ։ Այդ ճանապարհի բացումը, ըստ նրա, կարող է լրացուցիչ առաջարկ լինել:
«Ինչո՞ւ պետք է Լաչինի ճանապարհը կապվի Աղդամի ճանապարհի հետ։ Պայմանավորվածությունը, որը ստորագրվել է 2020 թվականին, պետք է առնվազն մինչև 2025 թվականը պահպանվի։ Աղդամի ճանապարհը կարող է պարզապես առաջարկ, նախագիծ լինել, որը կարող է իրականացվել կամ չիրականացվել․ այն ոչ մի կերպ չպետք է կապված լինի Լաչինի միջանցքի հետ»,- հավելել է Բաբայանը։
Մանրամասները՝ տեսանյութում։