Արցախում սովամահության դեպք է արձանագրվել, հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ. Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով»,- ասվում է Ստեփանյանի հաղորդագրության մեջ։
Ըստ գրասենյակի տեղեկությունների, փորձաքննության եզրակացության և անձի մահվան մասին վկայականի Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել՝ «արտահայտված ալիմենտար դիստրոֆիա (սննդանյութերի երկարատև և ոչ լիարժեք ընդունման հետևանքով ընդհանուր հյուծվածություն, այտուցներ, նյութափոխանակության բոլոր ձևերի խանգարում, օրգանների կազմափոխությամբ և ֆունկցիոնալ խանգարումներով), կախեքսիա, սպիտակուցաէներգետիկ անբավարարություն, կվաշիորկոր (սնուցման խանգարման հատուկ՝ ծանր տարատեսակ, որը զարգանում է օրգանիզմում սննդի մեջ սպիտակուցների ոչ բավարար պարունակության պարագայում, հիվանդության զարգացմանը նպաստում են կենցաղային ծանր պայմանները, ցածր կենսամակարդակը), երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ՝ աջից կռուպոզ տարրի գերակշռումով, թոքերի այտուց, խառը մետոբոլիկ, հիպոքսիկ էնցեֆալոպաթիա, ներքին օրգանների՝ երիկամների դիստրոֆիա, անեմիա, սեպտիկ վիճակ, աջակողմյան հիդրոթորաքս, քրոնիկական թերսնվածություն»:
Ադրբեջանի կողմից Արցախի ութ ամիս շարունակվող շրջափակման աղետալի հետևանքները հանրային առողջության վրա առավել քան նկատելի և շոշափելի են, որոնք առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի վրա, ընդգծել է օբմուդսմենը:
«Շրջափակման և հատկապես երկամսյա լիակատար պաշարման հետևանքով առաջացած պարենային աղետալի իրավիճակը և դրա հետևանքով անձանց թերսնուցումը և սովի սպառնալիքը, անհրաժեշտ դեղորայքի բացակայությունը և առողջապահական համակարգի լիարժեք գործելու անհնարինությունը ուղիղ և անառարկելի սպառնալիքներ են ստեղծում Արցախի 120 հազար բնակչության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։