ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակ են հղել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստում Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու մասին բանաձև ներկայացնել:
«Հորդորում ենք համագործակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի կառավարության վրա ՝ շրջափակումը վերացնելու և կանխելու համար այն, ինչը, ինչպես վկայում են փաստերը, Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտմանն ուղղված համակարգված ջանքեր են»,- հայտարարել է Մենենդեսը իր Twitter-ում:
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր տեղեկացրել էր, որ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ. Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։